Հայաստանում ադրբեջանական ծագման ապրանք է վաճառվել

18:02 • 26.07.16

ՀՀ քաղաքացի, տնտեսագետ Աստղիկ Ղուկասյանը ահազանգել է Tert.am-ին, որ Հայաստանում ադրբեջանական ծագման ապրանք է հայտնվել՝ մասնավորապես շոկոլադե կրեմ: Նա նշեց, որ ապրանքը գնվել է ոչ թե խանութում, այլ պարզապես շրջող մեքենայի վարորդից՝ Վրաստանից բերված ապրանքների հետ:

Tert.am-ը խնդրի վերաբերյալ պարզաբանում խնդրեց ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանից: «Պաշտոնապես ադրբեջանական ծագման որևէ սննդամթերք չի ներկրվում Հայաստանի Հանրապետություն, չկա նման դեպք: Եթե շուկայում հանդիպել են ադրբեջանական ծագման մթերք, ապա կարելի է ենթադրել, որ անձնական ուղեբեռի կամ ալ միջոցով է հայտնվել»,- ասաց նա և նշեց, որ եթե տրամադրվեն կոնկրետ տվյալներ, թե որտեղից և ինչպես է այն ձեռք բերվել, ապա իրենք համապատասխան գործողություններ կկատարեն:

«Օրինական ճանապարհով Ադրբեջանից Հայաստան մթերք չի ներկվում»,- հաստատեց նա: Հարցին, թե ամեն դեպքում անհատը թեկուզ իր ուղեբեռում երրորդ երկրից կարող է ադրբեջանական ապրանք ներկրել, պատասխանեց, որ այո, քանի որ որոշակի քանակ նախատեսված է ուղեբեռի համար:

«Դա վերահսկման ենթակա չէ»,- ասաց նա և նշեց, որ անձնական օգտագործման համար հնարավոր է ինչպես Վրաստանից , այնպես էլ այլ երկրից գնվեր ապրանք և բերվեր Հայաստան: Ինչ վերաբերում է նրան, որ այդ ապրանքը վաճառվել է Հայաստանում, Նվարդ Առաքելյանն ասաց, որ այդ դեպքում խնդիրն արդեն անօրինական դաշտ է մտնում: