ՊՊԾ գնդում պահվող վիրավոր անձի վիճակն օրեցօր կբարդանա, եթե չստանա ստացիոնար անհրաժեշտ բուժօգնություն. Անահիտ Հայթայան

16:04 • 26.07.16

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը Tert.am–ի հետ զրույցում ասել է, որ նախարարությունը մի քանի անգամ դիմել է Ոստիկանության պարեկապահակային գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին, որպեսզի գնդում գտնվող վիրավոր անդամը տեղափոխվի հիվանդանոց՝ համարժեք ստացիոնար բուժում ապահովելու համար, սակայն արձագանք չի ստացել։

– Հուլիսի լույս 26-ի գիշերը Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վիրավորում ստացած զինված խմբի երկու անդամ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Ինչպիսի՞ն է նրանց վիճակն այս պահին:

-Ձեր նշած անձինք վիրահատությունից հետո գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Նրանց վիճակը մասնագետները գնահատում են կայուն` համապատասխան հետվիրահատական շրջանին։

-Երեկ ՀՀ առողջապահության նախարարությունը պաշտոնական հաղորդագրության մեջ ևս մեկ անգամ հորդորում էր զինված խմբի անդամներին՝ թույլ տալ խմբի վիրավոր անդամին տեղափոխեն հիվանդանոց՝ անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար, քանի որ նրա վիճակը կարող է ավելի բարդանալ: Կա՞ որևէ արձագանք զինված խմբի կողմից՝ իրենց ընկերոջ կյանքը փրկելու համար:

- Ցավոք, ոչ: Վիրավոր զինյալին մինչ այժմ մի քանի անգամ այցելած բժիշկները, այդ թվում` վիրաբույժներն առաջարկել են տեղափոխել հիվանդանոց` վիճակին համարժեք ստացիոնար բուժում ապահովելու համար։ Նաև տեղեկացվել է հնարավոր հետևանքների մասին, սակայն որևէ արձագանք չկա։ Նախարարությունը ևս մեկ անգամ դիմում է զինված խմբի անդամներին և վիրավորին` ականջալուր լինել մասնագետների հորդորներին և թույլ տալ, որպեսզի վիրավորը ստանա հիվանդանոցային անհրաժեշտ բժշկական օգնություն։ Հակառակ դեպքում, նրա վիճակն օրեցօր բարդանալով, կարող է անցանկալի հետևանքների հանգեցնել։