Պեսկովը մեկնաբանել է Պուտինի և Էրդողանի առաջիկայում կայանալիք հանդիպումը

14:49 • 26.07.16

Սանկտ Պետերբուրգում օգոստոսի 9-ին կայանալիք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ քննարկման թեմաների պակաս չի լինի: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն:

 

«Որպես այդպիսին օրակարգը դեռ չի քննարկվել, տեղի է ունենում տարբեր առաջարկների փոխանակում, խոսելու շատ բան կա: Դա կլինի բավականին երկար ժամանակահատվածում առաջին հանդիպումը, առաջին հանդիպումն այն բանից հետո, երբ երկու երկրների առաջնորդները կարողացան շրջել այդ էջը, այդ պատճառով քննարկման թեմաների պակաս, կարելի է ասել, չի լինի»,- ասել է Պեսկովը լրագրողներին:

 

Ավելի վաղ Պեսկովը հաստատել էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը կայանալու է Սանկտ Պետերբուրգում օգոստոսի 9-ին: Մինչ այդ այդ մասին հայտարարել էր Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը՝ ռուս գործընկեր Արկադի Դվորկովիչի հետ հանդիպման ժամանակ: