«Վերնիսաժի» շուկայի պատրաստի հագուստի վաճառականներին տեղահանել են, սակայն նույն շուկայում համանման ապրանքներ են վաճառվում (լուսանկարներ)
Tert.am-ի տրամադրության տակ են լուսանկարներ, որոնք վկայում են, որ թեպետ «Վերնիսաժում» պատրաստի հագուստ վաճառող 20 վաճառականներին տեղահանել են՝ պատճառաբանությամբ, որ նոր հագուստ չպետք է վաճառվի, դրանից 1 շաբաթ անց նույն շուկայում վաճառվող խառը ապրանքների հետ մեկտեղ վաճառվում էր նաև պատրաստի հագուստ:
Մասնավորապես, պայուսակ, բլուզներ` գնապիտակները վրան, մուշտակի կտորներ, սրբիչներ, չինական գործարանային արտադրության սփռոցներ, գործարանային արտադրության դանակ-պատառաքաղ և այլ խառը ապրանքներ:
Հիշեցնենք, որ նշված 20 վաճառականներին Երևանի քաղաքապետարանն արգելել էր տարածքում պատրաստի հագուստ վաճառել, ինչի արդյունքում 20 առևտրական, ըստ էության, հուլիսի 17-ից զրկված են իրենց աշխատանքից:












