Պավլիկ Մանուկյանը դեռ երկար կմնա արհեստական շնչառության սարքին միացված, իսկ որդու սարքն անջատել են. բժիշկ
Հայր և որդի Պավլիկ և Արամ Մանուկյանների վիճակը գնահատվում է ծանր, իսկ այս գիշեր վիրավորված ոստիկանի վիճակը` միջին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի ղեկավար Հարություն Մանգոյանը:
Ըստ Մանգոյանի՝ Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի մոտ առկա են դրական փոփոխություններ. մեկ ժամ առաջ անջատվել է արհեստական շնչառության սարքը, ունի պարզ գիտակցություն:
Իսկ Պավլիկ Մանուկյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր, նա շնչում է արհեստական շնչառական ապարատի օգնությամբ:
Պավլիկ Մանուկյանն ունի փափուկ հյուսվածքների հրազենային վնասվածքներ, սակայն նա, ըստ բժշկի, դեռ երկար կմնա արհեստական շնչառության սարքին միացված:
Հարցին՝ նրա կյանքին վտանգ սպառնո՞ւմ է, Հարություն Մանգոյանն ասաց, որ եթե վերակենդանացման բաժանմունքում է, ուրեմն սպառնում է: Իսկ հարցին հնարավոր է Պավլիկ Մանուկյանին նոր վիրահատության ենթարկեն, պատասխանեց. «Հուսով ենք, որ ոչ»:










