Մեղավոր են նրանք, ովքեր թույլ չեն տվել ՊՊԾ գնդում եղած վիրավորներին տեղափոխել հիվանդանոց. բժիշկ

14:36 • 27.07.16

Անկախ մասնագիտությունից քաղաքացուն պատանդ վերցնել չի կարելի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Աստղիկ» բժշկական կենտրոնի օտորինոլարինգոլոգ Ավետիք Մինասյանը: 

«Ուզում է բժիշկ լինի, ուզում է գազի վարչության աշխատակից լինի, ուզում է նոտար լինի, ես դեմ եմ մարդուն պատանդ վերցնելուն, մանավանդ, որ մարդը գնացել է բուժօգնություն ցուցաբերելու»,- ասաց Մինասյանը:

Դիտարկմանը, թե «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները ներսում են պահել բուժօգնության կարիք ունեցող անձանց, բժիշկ Մինասյանն ասաց, որ  մեղավոր են նրանք, ովքեր թույլ չեն տվել վիրավորներին տեղափոխել հիվանդանոց և պատշաճ բուժօգնություն ցույց տալ. «Ցանկացած վիրավորի, հիվանդի, ուզում է թուրք լինի, ուզում է ահաբեկիչ լինի, օգնել  պետք է: Դա բժշկի պարտքն է, առողջացնելուց հետո նրա ճակատագրով կզբաղվեն համապատասխան մարմինները»:

Հիշեցնենք, որ այս գիշեր հաղորդվել էր, որ ՊՊԾ գնդի տարածքում, բացի հիվանդանոց տեղափոխվածներից, կա ևս երկու վիրավոր: Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ էին արել և մերժում ստացել: Վիրավորներին բուժհաստատություն տեղափոխելու կոչ էին արել նաև հարազատները։

Իրավապահներն ապահովել էին բոլոր անհրաժեշտ պայմանները։ Իսկ երբ բժիշկները ժամանել են, նրանց պատանդ են վերցրել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ «բժշկական հանրությունը դատապարտում է զինյալ խմբի կողմից բժիշկների պատանդ վերցնելու անբարո քայլը»։