Պավլիկ Մանուկյանի և նրա որդու վիճակը գնահատվում է կայուն ծանր, ոստիկանի մոտ կա նաև ակնհայտ դրական շարժընթաց

11:25 • 27.07.16

Առավոտյան համայցերից հետո, ժամը 10.00-ի դրությամբ մայրաքաղաքի հիվանդանոցներում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված միջադեպի և հետագա զարգացումների հետևանքով ստացիոնար բուժօգնություն է ստանում 14 հիվանդ, որից 6-ը` ոստիկան, 3-ը` զինված խմբի անդամ, այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
 

Գիշերը տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել իրավապահ մարմինների 1 աշխատակից և զինված խմբի 2 անդամ ` հրազենային վնասվածքներով։


Զինված խմբի վիրավորում ստացած անդամները (Պավլիկ Մանուկյանն ու նրա որդին – Tert.am) վիրահատությունից հետո գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Նրանց վիճակը մասնագետները գնահատում են կայուն ծանր։


Հոսպիտալացված ոստիկանը բաժանմունքում է, վիճակը գնահատվում է բավարար։ Հուլիսի 17-ին հոսպիտալացված ոստիկանի վիճակը կայուն ծանր է, կա ակնհայտ դրական շարժընթաց։


Տուժածներին բոլոր հիվանդանոցներում ցուցաբերվում է անհրաժեշտ պատշաճ բուժօգնություն։


Զինված խմբի 2 անդամ տեղափոխվել են դատապարտյալների հիվանդանոց։ Հավաքի մասնակիցներից որևէ մեկը բժշկական օգնություն ստանալու նպատակով չի դիմել։