ԵՄ-ն կոչ է արել դադարեցնել մարտերը Հալեպում մարդասիրական օգնության մատակարարման համար

16:15 • 28.07.16

Եվրամիությունը կոչ է անում անմիջապես դադարեցնել մարտերը սիրիական Հալեպում, որպեսզի բժշկական օգնության կարիք ունեցող մարդիկ կարողանան դուրս բերվել այդտեղից, ինչպես նաև ապահովվի մարդասիրական օգնության մատակարարումը քաղաքին:

 

Այդ մասին ասված է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի և մարդասիրական օգնության և ճգնաժամերի կառավարման հարցով եվրահանձնակատար Խրիստոս Ստիլիանիդիսի կոմյունիկեում, գրում է РИА Новости-ն:

 

Նրանց խոսքերով՝ Հալեպի արևելյան հատվածը հուլիսի 7-ից փաստացիորեն պաշարվել է այն բանից հետո, երբ փակվել է այդ հատված տանող վերջին ճանապարհը: Այդկերպ մոտ 300 հազար մարդ չի կարող դրսից օգնություն ստանալ այլևս:

 

«ԵՄ-ն կոչ է անում անմիջապես դադարեցնել մարտերը, որպեսզի թույլ տրվի բժշկական տարհանում անցկացնել և դեղորայք, ուտելիք և ջուր մատակարարել արևելյան Հալեպ մարդասիրական իրավիճակի ծայրահեղ վատթարացման ֆոնին»,- ասված է հայտարարության մեջ;

 

Մոգերինիի և Ստիլիանիդիսի խոսքով՝ առանց մարդասիրական օգնության հասանելության մոտակա շաբաթներին քաղաքում կավարտվեն սննդի պաշարները, և «Հալեպը կարող է դառնալ այդ հակամարտությունում ամենախոշոր մարդկային ողբերգությունը»: