ՊՊԾ գնդի միջադեպի հետագա զարգացումների շրջանակներում երեկ բերման է ենթարկվել 66 քաղաքացի
Երեկ ժամը 18.00-19.00-ի դրությամբ ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ են բերվել 37 անձինք, ավելի ուշ՝ ևս 29 անձ, որոնցից էլ 5-ը ներկայացվել են Քննչական կոմիտե: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի զինված անդամները մուտք են գործել և 12 օր է՝ գտնվում են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում։ Երևանի Խորենացի փողոցում գտնվող գնդի հարակից տարածքում քաղաքացիները հանրահավաքներ են կազմակերպում՝ ի աջակցություն զինված խմբի անդամների։
Հիշեցնենք նաև, որ երեկ գիշեր ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Նաև գիշերվա ընթացքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Զինված խմբի անդամները պատանդ էին վերցրել իրենց իսկ կանչով ՊՊԾ գնդի տարած ժամանակ շտապօգնության բժիշկներ Նորայր Թևանյանին և Սալվադոր Խեչոյանին, բուժքույր Մալինա Մարգարյանին և բուժակ Դավիթ Տոնոյանին, որին երեկ երեկոյան բաց են թողել։










