ՊՊԾ տարածքում գտնվող բժիշկներին սնունդ ու դեղորայք է ուղարկվել. Թագուհի Ստեփանյան
Արդեն երկրորդ օրը «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից գրաված ՊՊԾ գնդի տարածքում գտնվող 3 բուժաշխատողների հետ շտապօգնության ծառայությունն այսօր կապ է հաստատել, նրանց ուտելիք ու դեղորայք է ուղարկվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Tert.am-ի հարցին, թե բժիշկների համար այնտեղ կա՞ սնունդ, մնալու պայմաններ, Ստեփանյանը պատասխանեց. «Դե, մենք հիմա նոր սնունդ ենք ուղարկել մեր բժիշկներին: Իսկ խումբը չի ուզում մեզանից սնունդ, մենք կոնկրետ մեր բժիշկներին ենք ուղարկում: Ուղարկել ենք ուտելիք, որովհետև սոված էին, դեղորայքի արկղ ենք ուղարկել, որ իրենց մոտ դեղորայք լինի»:
Հարցին, թե ի՞նչ վիճակում են այնտեղ գտնվող աշխատակիցները, «Շտապօգնության» տնօրենը պատասխանեց. «Նույն վիճակում են: Ամեն դեպքում էնպես չի, որ հաճելի է, որ չեն կարողանում դուրս գալ: Էնտեղից ոչինչ չեն ասում»։
Tert.am-ը հետաքրքրվեց նաև, թե չե՞ն պատրաստվում հերթափոխ ուղարկել, քանի որ ապստամբները պատրաստ են նոր հերթափոխի դիմաց բաց թողնել բժիշկներին։
Թագուհի Ստեփանյանն ասաց. «Հարցը ուզելու խնդիրը չի, էս պահին մենք չունենք էլ, պետք է տեսնենք՝ ով կհամաձայնվի, որ գնա: Էնպես չի, որ շատ հեշտ է մարդկանց համոզել, ասել՝ գնացեք և դուք էնտեղ պետք է հերթապահեք: Դա շատ լուրջ խնդիր է, որ բժիշկը վեր կենա, գնա ու չիմանա՝ ինչքան ժամանակ կմնա էնտեղ: Մենք նորմալ առաջարկ ենք արել, որ այսուհետ չեզոք գոտում ենք օգնություն տրամադրելու: Էսօրվա դրությամբ էնտեղ մեր աշխատողների մեջ կա կին, ինչքանո՞վ է նորմալ, որ էդ կինը էնտեղ այդքան երկար մնա այդ տղամարդկանց մեջ»։
Հետաքրքրվեցինք նաև, թե իրենց համակարգում տղամարդ չկա՞, որ պատրաստակամ է գնալ, փոխարինել բուժքրոջը։
«Չգիտեմ, էդ պետք է դեռ քննարկվի ու որոշվի, որովհետև իրենք չեն ուզում միայն բուժակ փոխարինել: Իրենք ուզում են, որ վիրաբուժական խումբ գնա: Կան բժիշկներ, որ պատրաստ են գնալ, բայց իրենք շտապօգնության բժիշկներ չեն»,-ասաց «Շտապօգնության» տնօրենը:
Նրա խոսքով՝ երեկ ազատ արձակված բուժակը վատ է զգացել, և ապստամբները նրան բաց են թողել, սակայն բուժքրոջն ազատելու առաջարկը մերժվել է:
Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ գնդի տարածքում գտնվող ապստամբ վիրավորը, որը հրազենային վնասվածք ունի, վիրահատության կարիք ունի, գնդակը ոտքի մեջ է: Եվս մեկը հրազենային վիրավորում է ստացել գոտկատեղի հատվածում, սակայն նրա մարմնում փամփուշտ չկա:









