Անկարան հայտարարել է ապստամբների համար շտաբ ծառայած Ակինջի ավիաբազան փակելու մասին
Թուրքիայի ռազմաօդային ուժերի Աքընջը բազան, որը գտնվում է Անկարայից 35 կիլոմետր հեռավորության վրա և որը որպես շտաբ է ծառայել թուրք ապստամբների համար, կփակվի: Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, գրում է РИА Новости-ն:
«Այդ Աքընըջը բազան, որը դավաճանների բույնն էր, կփակվի, և մենք այն կդարձնենք հիշատակի վայր մեր նահատակների համար, ովքեր հեղաշրջման փորձի ժամանակ մահացան հանուն ժողովրդավարության համար»,- ասել է Յըլդըրըմը։
Նա հավելել է, որ կփակվեն նաև բոլոր ստորաբաժանումները, որտեղից դուրս է եկել ապստամբների ռազմական տեխնիկան:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա էր դուրս եկել, լսվել էին կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հեղաշրջման փորձը տապալվել է և ամբողջությամբ կճնշվի: Զոհերի թիվը հասել է 290-ի, վիրավորվել է ավելի քան 2 հազար մարդ, կալանավորվել է ավելի քան 15 հազար մարդ:
Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձի մեջ ներգրավվածության համար մեղադրել են ԱՄՆ-ում բնակվող թուրք գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենին և պահանջել են ԱՄՆ-ին արտահանձնել նրան: Ինքը՝ Գյուլենը, այդ ժամանակ դատապարտել է ապստամբությունը և հայտարարել է, որ ինքը ներգրավված չէ դրան:










