Արամ Մանուկյանն ապահովված է բժշկական օգնության անհրաժեշտ միջոցներով. ՔԿՎ-ի պատասխանը «Սասնա ծռերի» անդամի փաստաբանի դիմում-բողոքին
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի պետ Գոռ Ղլեչյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արամ Պավելի Մանուկյանն «ապահովված է բժշկական օգնության անհրաժեշտ միջոցներով, իսկ հիվանդասենյակի սանիտարահիգիենիկ պայմանները բավարար են»:
ՔԿՎ-ից պնդում են, որ Արամ Մանուկյանը ստանում է հիվանդ դատապարտյալների և կալանավորված անձանց համար օրենսդրությամբ նախատեսված և սահմանված սնունդ:
Արդարադատության նախարարության ՔԿՎ հանրային կապերի պետ Գոռ Ղլեչյանը Tert.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ 2 օր առաջ «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից դատապարտյալների հիվանդանոց տեղափոխված «Սասնա ծռերի» անդամ Արամ Մանուկյանին պատշաճ բուժօգնություն է տրամադրվում։
Նշենք, որ քիչ առաջ «Սասնա ծռեր» խմբի Պավլիկ Մանուկյանի որդու` Արամ Մանուկյանի շահերը ներկայացնող Ինեսսա Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է դիմում-պահանջը բարձրաստիճան պաշտոնյաներին, որով ահազանգել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխված Արամն անօգնական վիճակում է. պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում, կա նաև արյան վարակ ձեռքբերելու վտանգ: Փաստաբանը դիմումն ուղարկել է Արդարադատության նախարարին, Մարդու իրավունքների պաշտպանին, ԱՆ քրեակատարողական ծառայության պետին, ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալին:
Ինեսսա Պետրոսյանի դիմումի մեջ, մասնավորապես, ասվում է. «28.07.2016 թ. այցելել եմ «Դատապարտյալների հիվանդանոց» տեսակցելու իմ պաշտպանյալին: Աշխատակիցներն ինձ ուղեկցեցին իմ պաշտպանյալի, այսպես կոչված, «հիվանդասենյակ», որը որևէ կապ չի կարող ունենալ հիվանդասենյակի հետ, քանի որ այդ սենյակում չկար ոչ մի պայման հիվանդի բուժօգնությունն իրականացնելու համար: Նախ այդ սենյակում ի սպառ բացակայում են սանիտարահիգիենիկ բոլոր պայմանները, պատերն ամբողջությամբ բորբոսնած են: Սենյակում իմ պաշտպանյալը միայնակ անօգնական պառկած էր և որևէ բուժաշխատող առկա չէր: Սենյակի հակահիգիենիկ, անմխիթար վիճակն այն աստիճան ծայրահեղ վատ էր, որ իմ պաշտպանյալը կարող է անգամ արյան վարակ ստանալ:
Նոր վիրահատված և ծանր վիճակում գտնվող իմ պաշտպանյալի համար ապահովված չէին ոչ միայն տարրական հիվանդասենյակի պայմանները, այլ նաև՝ սնունդը, քանի որ իմ պաշտպանյալի մոտ դրել էին ընդամենը մեկ կտոր սև հաց, պանիր և կարագ, այն դեպքում, երբ հետվիրահատական շրջանում իմ պաշտպանյալին անհրաժեշտ է ապահովվել հատուկ սննդակարգով:
Պետությունը պոզիտիվ պարտականություն ունի հետվիրահատական շրջանում գտնվող իմ պաշտպանյալի համար ապահովվել համապատասխան պայմաններ և նրան «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել «Էրեբունի» ԲԿ-ը կամ որևէ այլ քաղաքային հիվանդանոց կամ ապահովել հիվանդանոցային այնպիսի պայմաններով, որն ընդունելի կլինի, այլ ոչ՝ անմարդկային և նվաստացուցիչ:
Ելնելով նշված փաստերից և ղեկավարվելով ՄԻԵԿ 3-րդ հոդվածով՝ խնդրում եմ 2 օր առաջ վիրահատված, շնչառական ապարատները անջատած և ծանր վիճակում գտնվող իմ պաշտպանյալ Արամ Պավելի Մանուկյանին «Դատապարտյալներ հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից՝ նվաստացուցիչ և անմարդկային պայմաններից, տեղափոխել մեկ այլ քաղաքային հիվանդանոց և ապահովել մարդկային պայմաններում ապաքինումը»:










