ՊՊԾ գնդում վիրավորված Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը հիվանդանոցում անհրաժեշտ բուժօգնություն են ստանում, իսկ Արայիկ Խանդոյանը հրաժարվել է

16:49 • 29.07.16

20։33

«Սասնա ծռեր» խմբավորման անդամներից այսօր վիրավորված Արայիկ Խանդոյանին չտեղափոխեցին «Էրեբունի» բժշկական կենտրոն, քանի որ նա  հրաժարվել է՝ նախընտրելով բուժօգնությունը տեղում ստանալ:

-----------------------------------------------------------

20։13

«ՊՊԾ գնդի տարածքից կրակահերթեր արձակած և իրավապահների պատասխան կրակից վիրավորված Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը տեղափոխվել են հիվանդանոց և անհրաժեշտ բուժօգնություն են ստանում»,- դարձյալ ֆեյսբուքի էջում գրառել է Աշոտ Ահարոնյանը։

-------------------------------------------------------------

19։28

Քիչ առաջ «Շտապօգնության» մեքենայով «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխեցին «Սասնա ծռեր» խմբավորման երկու վիրավորված անդամների: Ըստ ականատեսների տեղեկությունների՝ նրանցից մեկը Արմեն Լամբարյանն է:

Այս պահին բժշկական կենտրոնի մոտ կանգնած մարդիկ սպասում են, որ «Շտապօգնության» մեքենայով կբերեն նաև այսօր Էրեբունի ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում սկսված կրակահերթի ժամանակ վիրավորված Արայիկ Խանդոյանին:

--------------------------------------------------------------

19։17

«Տեղեկացրել էինք, որ խախտելով իրավապահների պահանջը՝ ՊՊԾ գնդի տարածքից կրակահերթեր են արձակվել: Տեղեկացրել էինք նաև, որ վիրավորվել է զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը: Գնդի տարածքից կրակահերթերը շարունակվել են: Իրավապահների պատասխան կրակից վիրավորվել են կրակոց արձակողներից ևս երկուսը: Նրանց ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն»,- ֆեյսբուքի իր էջում գրառել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

--------------------------------------------------------------------------------

Ի խախտումն իրավապահների պահանջի՝ քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքում կրակահերթեր են հնչել: Իրավապահները պատասխան կրակ են բացել: Վիրավորվել է կրակողներից մեկը` Արայիկ Խանդոյանը:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի զինված անդամները մուտք են գործել և 13 օր է՝ գտնվում են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում։ 

 




ՊՊԾ գնդում վիրավորված Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը հիվանդանոցում անհրաժեշտ բուժօգնություն են ստանում, իսկ Արայիկ Խանդոյանը հրաժարվել է