Լևոն Բարսեղյանն ազատ արձակվեց (տեսանյութ)

16:13 • 29.07.16

Շենգավիթի քննչական բաժնից ազատ արձակվեց Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Քրեական գործի վարույթը կարճվել է:

Բաժնից անմիջապես դուրս գալուց հետո Լևոն Բարսեղյանն ասաց, որ բոլորը կարող են ունենալ իր` 1200 դրամ արժողությամբ դանակից.«Փաստաթղթերով ապացուցվել է, որ այս դանակը սառը զենք չէ»։

Ինչ վերաբերում է խոշտանգումներին, Լևոն Բարսեղյանն ասաց, որ  քննչական բաժիններում նման բան տեղի չի ունեցել, իսկ ոստիկանության Կումայրիի և Շենգավիթի բաժիններում եղել է արժանապատվությունը նվաստացնող  և անմարդկային վերաբերմունք.«Պահել են 16 ժամ շարունակ, եթե հանենք 3 ժամը, ապա ինձ 13 ժամ անօրինական կերպով պահել են ոստիկանական բաժիններում»:

Հարցին, թե ինչպես է զգում իրեն, Բարսեղյանը պատասխանեց.«Ես միշտ էլ զիլ եմ եղել»:

Նշենք, որ քննիչը կայացրել էր Լևոն Բարսեղյանին ազատ արձակելու մասին որոշում՝ փորձագետի եզրակացության և ձեռք բերված ապացույցների համադրությամբ:

Վարույթն իրականացնող մարմինը ստացել է փորձագետի եզրակացությունը, համաձայն որի` Լևոն Բարսեղյանի մոտ հայտնաբերված դանակը սառը զենք չէր համարվել:

Հիշեցնենք, որ  Լևոն Բարսեղյանը բերման է ենթարկվել հուլիսի 27-ի գիշերը և նրա մոտ խուզարկությամբ դանակ էր հայտնաբերվել: Լևոն Բարսեղյանի նկատմամբ քրեական քրգործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 235 4-րդ մասով, այն է՝ ապօրինի կերպով սառը զենք կրելը: