ՁՊՎ-ներ բոլոր բերման ենթարկվածներն անխտիր ունեցել են մարմնական վնասվածքներ. իրավապաշտպան

13:52 • 29.07.16

ՀՀ ոստիկանության ձերբակալվածների պահման վայրերերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի շտաբի անդամները, որոնք հուլիսի 20-21-ից աշխատում են 24 ժամյա ռեժիմով, Ձերբակալվածների պահման վայրերից ազատ արձակված բոլոր անձանց մոտ անխտիր նկատել են մարմնական վնասվածքներ:

ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ Սուրեն Իսկանդարյանը հայտնեց, որ որպես բազմամյա փորձագետ` հավատ չի ընծայում ոստիկանության այն պնդումներին, թե նրանք մարմնական վնասվածքներ են ստացել բերման ենթարկվելիս:


«Ում հետ հանդիպել ենք, բոլորի մոտ անխտիր եղել է մարմնական վնասվածք։ Մարմնական վնասվածքները տարբեր էին: Որպես փորձագետ՝ կարող եմ ասել, որ դրանցից շատերը չէին կարող առաջանալ բերման ենթարկելու ընթացքում: Օրինակ` աչքի տակի կապտուկը, որովհետև ինքն իրենց չէին կարող հարվածել»,-ասաց իրավապաշտպանը:


Սուրեն Իսկանդարյանի խոսքով, քանի որ Երևանում կա միայն մեկ ՁՊՎ, որոշ ձերբակալվածների տարել են մարզային ՁՊՎ-ներ այն հիմքով, որ Երևանի ՁՊՎ-ում տեղ չկա:

Նշենք, որ դիտորդական խմբում հուլիսի 20-21-ից հետո ձևավորվել է շտաբ: Հուլիսի 20-ին , երբ բերման էր ենթարկվել 136 անձ, նրանցից միայն 6-ը կալանավորվեցին, ինչը ևս փորձագետի համար մտահոգիչ է:

«Ազատ արձակվածները կազմում են մոտ 95-96 տոկոս: Պատկերացրեք 100 հոգու բերման են ենթարկում, 3-4 հոգու են կալանավորում, սա լուրջ թիվ է»,-ասաց իրավապաշտպանը և ամփոփեց, որ մարդկանց վախեցնելու համար է արվում:

Նա ասաց, որ Կոտայքում գտնվող ՁՊՎ-ում հանդիպել են նաև Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի որդու՝ Արեգ Սադոյանի հետ, ում բերման էին ենթարկել Հանրապետության հրապարակից՝ մեքենայից իջնելիս: Նրան կալանավորել են:

«Ոչ մի փաստարկ չկա Արեգի դեմ: Կա մի խավար տեսագրություն, որտեղ նույնիսկ դեմքը պարզ չի երևում»,- ասաց իրավապաշտպանը:


Ասուլիսին ներկա Արշակ Սադոյանը նշեց, որ փաստ չունեն, որ որդին` Արեգը, հարվածել է ոստիկանի, քանի որ տեսագրության մեջ չի երևում: