Շվեդիայում լողազգեստով ոստիկանուհին գրպանահատ է կալանավորել (լուսանկար)
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի այգիներից մեկում լողազգեստով հանգստացող ոստիկանության աշխատակցուհին գրպանահատ է կալանավորել, հաղորդում է The Local-ը։
Աղբյուրը մանրամասնում է, որ արևային լոգանք ընդունող ոստիկանուհուն ու նրա ընկերուհիներին լրագրավաճառ ներկայացած տղամարդ է մոտեցել։ Կանայք հրաժարվել են ամսագրեր գնել, սակայն տղամարդը միանգամից չի հեռացել։ Երբ անծանոթը վերջապես գնացել է, կանանցից մեկը հայտնաբերել է իր հեռախոսի կորուստը։
Ինչպես ոստիկանության աշխատակցուհին գրել է իր Instagram-ում՝ ինքը կռահել է, թե ինչի համար է տղամարդն իրենց մոտեցել։
«Մոտ 15 մետր վազեցի նրա հետևից, ու ընկերուհիս օգնեց նրան բռնել։ Սա իմ 11-ամյա աշխատանքային փորձի մեջ լողազգեստով կալանավորում իրականացնելու առաջին դեպքն է»,- գրել է նա։











