Ամերիկյան թանգարանը բարձր աշխատավարձով պատմաբանի է փնտրում` գարեջուր համտեսելու համար
Ամերիկյան պատմության ազգային թանգարանը թափուր աշխատատեղ ունի, որը կարող է լինել շատերի երազած աշխատանքը, այն է ճանապարհորդել երկրով մեկ` գարեջուր ըմպելով, մինչդեռ բոլոր ծախսերը հոգալու է թանգարանը:
Ինչպես գրում է Agence France Presse-ը, վաշինգտոնյան թանգարանի առաջարկած աշխատանքը, որը գնահատվում է տարեկան 64 650 դոլար, բնավ էլ կատակ չէ: Սմիթսոնյան ինստիտուտի մաս կազմող թանգարանը ցանկանում է գարեջրի մասնագետ վարձել երեք տարով, որը ոգելից ըմպելիքի համտեսներ կիրականացնի երկրի տարբեր գարեջրագործարաններում:
«Գարեջուրն ու դրա պատրաստումն Ամերիկյան իրականության կարևոր մասն է եղել նույնիսկ մինչև երկրի հիմնադրումը», - ասել է Սմիթսոնյան ինստիտուտի Սննդի պատմության ծրագրի տնօրեն Սյուզան Էվանսը:
Հաջողակ պատմաբանը պետք է հոդվածներ գրի, արխիվային նյութեր հավաքագրի և սննդի և խմիչքի պատմության ուսումնասիրություններ կատարի: Աշխատանքի համար դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 10-ն է:










