Սարի թաղում վիրավորվել է նաև ռուսական Lifnews-ի օպերատորը

11:54 • 30.07.16

Երևանի Սարի թաղում երեկ ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ վիրավորվել է նաև ռուսական «Life news» լրատվական կայքի օպերատոր Տիգրան Գասպարյանը. այդ մասին հայտնում է ռուսական լրատվամիջոցը:


Ըստ Lifnews-ի վիրավորված օպերատորին ցուցարարների հետ բախումից հետո տեղափոխել են քաղաքի հիվանդանոցներից մեկը: Նա բեկորային վնասվածքներ է ստացել, բեկորները ոտքից հեռացվել են:


Բացի այդ, նրան ռենտգենային ախտորոշում են արել: Հիմա սպասում են արդյունքներին: Նրան բժիշկները հորդորել են հիվանդանոցում մնալ 5 օր:

«Մեր գործընկերը, ինչպես իսկական պրոֆեսիոնալ, հիմա առավել շատ մտահոգված է ոչ թե իր , այլ տեխնիկայի և նկարահանված նյութերի կորստի համար»,- նշված է ռուսական լրատվամիջոցում:

Հիշեցնենք, որ գիշերը Սարի թաղում տեղի ունեցած բախումների հետևանքով նախնական տվյալներով շտապ օգնության մեքենաներով մայրաքաղաքի 5 բժշկական հաստատություն են տեղափոխվել կամ դիմել տարբեր վնասվածքներով 60 տուժած։


Հիշեցնենք նաև, որ քաղաքացիական հագուստով անձանց կողմից ծեծի են ենթարկվել նաև «Արմենիա» հեռուստաընկերության «ԺԱՄԸ» լրատվականի թղթակից Աղվան Ասոյանը և օպերատոր Ալբերտ Գալստյանը, «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Կարլեն Ասլանյանը և Հովհաննես Մովսիսյանը, ինչպես նաև՝ վիրավորվել են «Առաջին լրատվական»-ի ուղիղ եթերում աշխատող թիմի լրագրողուհի Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը։


Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է լրագրողների նկատմամբ կիրառված բռնություններին՝ գրելով. « ՊՊԾ գնդի անվտանգության գոտին ճեղքել փորձող անձանց դեմ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել: Տեղի է ունեցել բախում, ինչի հետևանքով, ցավոք, տուժել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ըստ նախնական տվյալների՝ կա վնասված տեխնիկա: Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կապված բոլոր միջադեպերն անհապաղ քննության կառնվեն, կպարզվեն հանգամանքները, ինչի մասին լրացուցիչ կհայտնվի»: