Սարի թաղի միջադեպի հետևանքով բուժօգնության է դիմել 73 անձ, որից 6-ը՝ ոստիկան

13:16 • 30.07.16

Խորենացի փողոցում և Սարի թաղում երեկ տեղի  ունեցած միջադեպի հետևանքով մայրաքաղաքի  բժշկական հաստատություններ տարբեր վնասվածքներով դիմած 73 անձանցից հիվանդանոցային բուժումն այս պահի դրությամբ շարունակում է 26-ը, որից 6-ը` ոստիկան, այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն դիմած 50 քաղաքացուց  36-ը դուրս է գրվել, մեկը տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն։ Այս պահին այստեղ հիվանդանոցային բուժում է ստանում 13-ը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեկ քաղաքացու աչքը վիրահատվել է, հեռացվել է վնասված ակնագունդը։

Երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոն է դիմել 16 անձ, որից 12-ը` ոստիկան, 2-ը` զինյալ խմբից։ Այս պահի դրությամբ բուժումը շարունակում է  8-ը։ Ինչպես որովայնային հրազենային վնասվածքով ոստիկանը, այնպես էլ 2 զինյալը վիրահատությունից հետո վերակենդանացման բաժանմունքում են։
  

2 տուժած բուժումը  շարունակում է  «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրում, 1-ական տուժածներ` «Արմենիա» հանրապետական, «Իզմիրլյան»  բժշկական և Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոններում։

Բացի վերակենդանացման բաժանմունքներում գտնվողներից մյուսների վիճակը հիմնականում բավարարին մոտ է։ Բոլոր տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։ 

Նշենք, որ մամուլում շրջանառվող մանկահասակ երեխաներ  հոսպիտալացնելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։