Թուրքիայում ազատ են արձակել հեղաշրջման փորձի մեջ կասկածվող մոտ 800 ձերբակալվածի
Ստամբուլի դատարանը ազատ է արձակել 758 զինվորականի, ովքեր ձերբակալվել էին պետական հեղաշրջման փորձում ներգրավվածության կասկածանքով, հայտնում է Anadolu գործակալությունը:
Ձերբակալվածներն ազատ են արձակվել ցուցմունքներ տալուց հետո: Դատարանն անհրաժեշտ չի գտել նրանց կալանքի տակ պահելը:
Ընդհանուր առմամբ դատարանը քննել է 989 զինծառայողի գործ, 231 մարդ կալանքի տակ է մնացել:
Վերջին տվյալներով՝ ավելի քան ինը հազար մարդ, որոնց մեծ մասը զինվորականներ են, ձերբակալվել է հեղաշրջման փորձից հետո: Տասնյակ հազարավոր մարդիկ, այդ թվում հազարավոր դասախոսներ, հեռացվել են աշխատանքից: Փակվել է ավելի քան երկու հազար կազմակերպություն:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա էր դուրս եկել, լսվել էին կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հեղաշրջման փորձը տապալվել է և ամբողջությամբ կճնշվի: Զոհերի թիվը հասել է 290-ի, վիրավորվել է ավելի քան 2 հազար մարդ:
Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձի մեջ ներգրավվածության համար մեղադրել են ԱՄՆ-ում բնակվող թուրք գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենին և պահանջել են ԱՄՆ-ին արտահանձնել նրան: Ինքը՝ Գյուլենը, այդ ժամանակ դատապարտել է ապստամբությունը և հայտարարել է, որ ինքը ներգրավված չէ դրանում:










