Այսօր կքննվի Պավլիկ Մանուկյանի կալանքի հարցը. փաստաբանը նրա ներկայությունը դատարանում հնարավոր է համարում

11:44 • 31.07.16

Այսօր ժամը 13:00-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կքննվի «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի խափանման միջոցը որպես կալանք ընտրելու հարցը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Պավլիկ Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

Հարցին, թե Պավլիկ Մանուկյանը կներկայանա դատարան, փաստաբանը պատասխանեց. «Հավանական է, որ Պավլիկ Մանուկյանը տեղափոխվի դատարան»:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Պավլիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։

Ըստ մեղադրանքի` մի դեպքում նախատեսվում է  6-12, մյուս դեպքում 3-8 տարվա ազատազրկում:

Նշենք, որ Պավլիկ Մանուկյանը գրավված ՊՊԾ գնդի տարածքից հիվանդանոց էր տեղափոխվել զույգ ազդրերի հրազենային վնասվածքներով, աջ ազդոսկրի բազմաբեկոր կոտրվածքով։ Կատարվել է վերքի առաջնային վիրաբուժական մշակում, նաև ոսկրի ֆիքսացիա։ Պավլիկ Մանուկյանը հիվանդանոցում հայտարարել էր հացադուլ: