«Սասնա ծռեր» խմբի անդամ Գևորգ Մելքոնյանի նկատմամբ ի սկզբանե ընտրված չի եղել կալանքը որպես խափանման միջոց
Նախօրեին ստորագրությամբ ազատ արձակված «Սասնա ծռեր» խմբի անդամ Գևորգ Մելքոնյանի նկատմամբ ոչ թե փոխվել է խափանման միջոցը՝ կալանքից ստորագրության՝ չբացակայելու մասին, այլ՝ չբացակայելու մասին ստորագրությունն ի սկզբանե եղել է:
Գևորգ Մելքոնյանի նկատմամբ կալանք սահմանելու միջնորդություն քննիչը չի ներկայացրել դատարան, իսկ դատախազը հաստատել է քննիչի որոշումը:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:
Փաստորեն, նա միակն է «Սասնա ծռեր» խմբից, որը կալանավորված չէ:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն էր հրապարակել, թե խմբի որոշ անդամներ ՊՊԾ գնդի տարածքում պահվում են իրենց կամքին հակառակ ու տարածել էր պնդումը փաստող ձայնագրություններ նույն Գևորգ Մելքոնյանի և Արթուր Մելքոնյանի հեռախոսազրույցներից:
Մասնավորապես, երբ վերջինս Գևորգին ասում է՝ «հոսանքի տակ ես ընկել, գնացել ես», նա ասում է. «Մենակ ես չէ, սաղս: Ոչ թե հոսանքի տակ ենք եկել, այլ խաբված ենք եկել»:
Ավելի ուշ նա ինքը հայտարարեց, որ եթե իմանար` ինչի են գնում, չէր գնա. «Մենք չենք իմացել, որ սենց բան պետք ա լինի, նենց չի մենակ ես, սաղ: Ասել են` խաղաղ ցույց ա լինելու, գնանք»:
Հիշեցնենք նաև, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներին պաշտպանելու համար ձևավորված պաշտպանական խմբի անդամները ևս նրան չեն պաշտպանում`պատճառաբանելով, թե նրա հարազատները չեն դիմել:










