Հս. Կորեան պատրաստվում է լուսնային առաքելություն իրականացնել
Հյուսիսային Կորեայի ավիատիեզերական գործակալությունը հայտնել է, որ երկիրն առաջիկա տասնամյակի ընթացքում պատրաստվում է հետևել ԱՄՆ-ի օրինակին ու լուսնային առաքելություն իրականացնել:
Ինչպես հայտնում է The Independent-ը, բացի այդ, Փհենյանը մտադիր է մինչ 2020թ. առաջնակարգ արբանյակներ հանել Երկրի ուղեծրի վրա:
«Չնայած, որ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները փորձում են արգելափակել ավիատիեզերական ոլորտում մեր զարգացումը, այնուհանդերձ` մենք կնվաճենք տիեզերքն ու մեր երկրի պետական դրոշը կծածանվի Լուսնի վրա: Արևմտյան պատժամիջոցներն ուղղակի ծիծաղելի են: Մեզ չի հուզում, թե ով ինչ է մտածում. մեր երկիրը կշարունակի արբանյակներ արձակել»,-ասել է Հյուսիսային Կորեայի ավիատիեզերական զարգացման ազգային կենտրոնի գիտական հետազոտությունների բաժնի ղեկավար Հյոն Քվոն Իլը (Hyon Kwang Il):
Մինչդեռ ամերիկացի փորձագետները նշել են, որ թեև Հյուսիսային Կորեայի համար շատ դժվար է լինելու իրականացնել լուսնային առաքելությունը, այնուհանդերձ` դա անհնար չէ:










