«Հանուն խոսքի ազատության». լրագրողների բողոքի ակցիան Ազատության հրապարակում (տեսանյութ, լուսանկարներ)
Երևանի Ազատության հրապարակում հավաքվել են լրագրողները՝ «ոչ» ասելու բռնություններին, դատապարտելու լրագրողների դեմ իրականացվող հարձակումները, պահանջելու անհապաղ պատժել լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտողներին:
18.42
Լրագրողների նկատմամբ բռնությունը ոչ միայն պետք է դատապարտվի, այլ մեղավորները պատասխանատվություն կրեն. Ս. Ֆարմանյան
Ակցիայի մասնակից, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը կիսում է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների այն մտահոգությունները, որոնք կապված են վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձություններին հետ:
«Անկախ հանգամանքից` ով է այսօր գտնվում իշխանության ղեկին, ով է ներկայացնում քաղաքական ընդդիմությունը, ով ում նկատմամբ ինչպիսի վերաբերմունք ունի, մամուլի ազատությունը և խոսքի ազատությունը այն համակարգաստեղծ ֆունդամենտալ ձեռքբերումներից է, որի ուղղությամբ Հայաստանը լավ, թե վատ, 25 տարվա ընթացքում նկատելի առաջընթաց ունի: 25 տարվա ընթացքում ժողովրդավարացման գործողությունների արդյունքում ամենանշանակալի ձեռքբերումներից մեկը Հայաստանում մամուլի և խոսքի ազատության այն նշաձողն է, որը հեռու է կատարյալ լինելուց, սակայն հենք է ապագա ժողովրդավարացման գործընթացները ամրապնդելու համար»,-ասաց Ֆարմանյանը:
Պատգամավորի խոսքով`առանց խոսքի ու մամուլի ազատության պատկերացնել Հայաստանի ժողովրդավարական ապագան պարզապես անհնար է. «Իմ կարծիքով` կա փոխհամաձայնություն. լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը ոչ միայն պետք է դատապարտվեն, այլ մեղավորները պետք է կանչվեն պատասխանատվության»:
«Դեպքը, որ տեղի ունեցավ, մարտահրավեր է: Պայմանավորված այլ հանգամանքներով՝ կարող է տպավորություն ստեղծվել, որ Հայաստանը կարող է խոսքի կամ մամուլի ազատության սանդղակից նահանջ գրանցել, որին մենք տարիների, բազմաթիվ լրագրողների ու խմբագիրների, մարդկանց քաղաքական կամքի ու մասնագիտական գործունեության արդյունքում ասել ենք: Այդ մարտահրավերների և կասկածների փարատման լավագույն տարբերակը տեղի ունեցածի անաչառ քննությունն ու բոլոր մեղավորների պատասխանատվության ենթարկումն է»,-ասաց Ֆարմանյանը:
18.28
Մեր աչքը պետք է տեսնի ազատազրկված և դատարանի առջև կանգնած ոստիկանների. Արամ Աբրահամյան
Ոստիկանությունը պետք է ավելի խորությամբ ուսումնասիրի Երևանում վերջին ցույցերի ժամանակ լրագրողների նկատմամբ իրականացված բռնությունները և պատժի մեղավորներին։
Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը։
«Մեր աչքը պետք է տեսնի ազատազրկված և դատարանի առջև կանգնած ոստիկանների անկախ նրանից՝ եղել են քաղաքացիական հագուստով, թե ոստիկանի համազգեստով։ Երբ որ տեսնենք, կմտածենք արդեն, որ ինչ-որ բան առաջ է գնում»,- նշեց Արամ Աբրահամյանը՝ հույս ունենալով, որ այս տարվա դեպքերի քննությունը չի ձգձգվի մինչև մյուս տարի, ինչպես եղավ «Էլեկտրիկ Երևանի» դեպքերով։
Նրա խոսքով՝ լրագրողները ոստիկանների կողմից թիրախավորված են եղել վերջին շրջանում տեղի ունեցած ցույցերի ժամանակ, որպեսզի չտարածվի ինֆորմացիա տեղի ունեցածի վերաբերյալ, սակայն 21-րդ դարում հնարավոր չէ խոչընդոտել տեղեկատվության տարածմանը։
17.57
Ակցիային մասնակցելու համար այսօր Ազատության հրապարակ են եկել ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Նիկոլ Փաշինյանը, Սամվել Ֆարմանյանը, Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանը:


17.45
«Մեդիամաքս» մեդիա ընկերության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը րոպեներ առաջ Երևանի Ազատության հրապարակում ընթերցեց հայաստանյան առաջատար լրատվամիջոցների մի խումբ ղեկավարների նախաձեռնած «Հանուն խոսքի ազատության» բողոքի ակցիայի շրջանակներում բարձրացվող պահանջներին վերաբերող տեքստը։
17.39
Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է հայաստանյան առաջատար լրատվամիջոցների մի խումբ ղեկավարների նախաձեռնած «Հանուն խոսքի ազատության» բողոքի ակցիան, որին միացել է նաև Tert.am-ի ղեկավար Արամ Անտինյանը։
Լրագրողները հավաքվել են «ոչ» ասելու բռնություններին, դատապարտելու լրագրողների դեմ իրականացվող հարձակումները, պահանջելու անհապաղ պատժել լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտողներին: Նրանք տարածել են հայտարարություն։
«Ես չեմ հիշում մի դեպք, որ լրագրողը բռնության ենթարկվի իր հրապարակման, ազատ խոսքի համար։ Արտակարգ իրավիճակներում, երբ կան չարտոնված հանրահավաքներ, կան հնարավորություններ, որ ոստիկանների հատուկ գործողությունների ժամանակ և՛ լրագրողներ տուժեն, և՛ տեխնիկա վնասվի, դա ամբողջ աշխարհում ընդունված է։ Այլ հարց է՝ դա արվում է դիտավորությամբ, թե՝ ոչ։ Ցավոք, կան դեպքեր, երբ կա դիտավորություն, անցյալ տարի հունիսի 23-ին կար, բարձրաձայնվեց»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Բողոքի ակցիային ներկա են նաև Արմենիա TV-ի լրագրող Աղվան Ասոյանը և օպերատոր Ալբերտ Գալստյանը, որոնք բռնության զոհ էին դարձել հուլիսի 29-ին։












