Էկվադորը թույլ է տվել Ասանժին հարցաքննել իր դեսպանատան տարածքում
Սկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը, ով 2012թ. օգոստոսից գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, դիվանագիտական ներկայացուցչության տարածքում կհարցաքննվի շվեդ քննիչների կողմից:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, Էկվադորի գլխավոր դատախազն արդեն տվել է դեսպանատան տարածքում հարցաքննության իրականացման համար անհրաժեշտ համաձայնությունը:
Բրիտանական աղբյուրը մանրամասնում է, որ Ասանժին հարցաքննելու են բռնաբարության մեղադրանքի վերաբերյալ, որը, սակայն, ինքը` Ասանժը հերքում է: Եթե Էկվադորի իշխանությունները դադարեն օգնել նրան, ապա Ասանժին կուղարկեն Շվեդիա, որտեղից էլ կարտահանձնեն ԱՄՆ-ին: Ասանժի համոզմամբ՝ Միացյալ Նահանգների իշխանություններն իրեն մահապատժի կամ ցմահ ազատազրկման կդատապարտեն երկրի պետական գաղտնիքների հրապարակման համար:










