ԼՂ հակամարտության կարգավորման փոխընդունելի տարբերակների որոնման ակտիվ գործընթաց է ընթանում. Վլադիմիր Կարապետյան

20:30 • 12.08.16

Մոսկվայում տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումն ապրիլին սկիզբ առած Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր փուլի շարունակությունն էր: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀԱԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը:

Նրա խոսքով՝ հանդիպումներին նշանակալի տեմպ է հաղորդվել և դրանց միջև ընկած ժամանակահատվածում էլ Սերժ Սարգսյանը ծանոթանում է ԼՂ-ում և Հայաստանում փաստաթղթի հիմնական դրույթներին վերաբերող հնարավոր արձագանքներին:

Խոսելով տարածքների վերադարձի շուրջ խոսակցությունների մասին, Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ 1994թ.-ի զինադադարից հետո կարգավորման բոլոր փաստաթղթերը նախատեսել են տարածքների վերադարձ:

«Բանակցային սեղանին չի եղել ոչ մի փաստաթուղթ, որը չի շոշափել տարածքների վերադարձի հարցը։ Այդ մասին հրապարակային խոսել է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 1997թ. փաստաթղթերի մասով. դրանցով ամրագրված էր ԼՂ՝ որպես լիիրավ կողմի դերակատարություն՝ բանակցելու, ստորագրելու, փաստաթղթի վրա վետո դնելու իրավունքը, ինչն էլ տեղի ունեցավ 1997թ. աշնանը, երբ կողմերից միայն Ղարաբաղը վետո դրեց և խափանեց փաստաթղթի ընդունումը»,- նշեց Վլադիմիր Կարապետյանը՝ հիշեցնելով, որ վերջերս տարածքների վերադարձի մասին բացեիբաց խոսեց նաև Սերժ Սարգսյանը՝ Bloomberg-ին տված հարցազրույցում. նա մասնավորապես հայտնել էր 2011 թ. Կազանում սեղանի վրա դրված փաստաթուղթը ստորագրելու իր պատրաստակամությունը:

Ըստ ՀԱԿ վարչության անդամի՝ Կազանյան փաստաթուղթն էլ գրեթե չի տարբերվում 2007 թվականին կողմերին՝ Ադրբեջանին ու Հայաստանին ներկայացված Մադրիդյանից։

«Ի դեպ՝ Լեռնային Ղարաբաղն այդտեղ այլևս չի դիտարկվել որպես բանակցային կողմ, ու երկուսն էլ՝ Մադրիդյանն ու Կազանյանը, հրապարակված են։ Ըստ Մադրիդյանի 3-րդ հոդվածի՝ Ադրբեջանին պետք է անցնեն բոլոր տարածքները, բացի միջանցքից»,- նշեց Վլադիմիր Կարապետյանը:

Այս համատեքստում, Կոնգրեսի անդամի խոսքով, ուշագրավ է հասարակության լայն շերտերի դժգոհությունը փոխզիջումային տարբերակներն ընդունելու առումով:

«Միակողմանի զիջումների մասին խոսելն իսկ անհեթեթ է, սակայն, արդարացի փոխզիջումների մասին խոսվում է 22 տարի շարունակ և որևէ մեկի համար դա անակնկալ չէ: Այստեղ կենսական նշանակություն ունի այն հանգամանքը, որ մեր կողմից բանակցողներն ամբողջովին պաշտպանեն Հայաստանի և ԼՂ շահերը՝ փաստաթղթի բոլոր դրույթների մասով»,- ասում է Վլադիմիր Կարապետյանը:

ՀԱԿ վարչության անդամը չի կարծում, թե Սերժ Սարգսյանը բացասական պատասխան է տվել ՌԴ նախաձեռնությամբ ներկայացված ներկա առաջարկին: Հակառակը՝ վստահ է, որ գտնվում ենք բանակցային թեժ փուլում և այս կապակցությամբ առաջիկայում կազմակերպվելու է բարձր մակարդակի մի նոր եռակողմ հանդիպում:

«Փոխընդունելի տարբերակների որոնման ակտիվ գործընթաց է սկսվել և այն առաջիկայում չի դադարելու: Միջնորդների շրջանում կա խորն ըմբռնում, որ Հայաստանում Սահմանադրական բարեփոխումներից հետո այսօր եզակի հնարավորություն կա ստանալու միանձնյա որոշում կայացնողների համաձայնություն, և եթե դա չարվի մինչև տարեվերջ՝ բանակցային գործընթացը, հաշվի առնելով Հայաստանում կառավարման համակարգի հեղափոխական փոփոխությունները, մի քանի տարով հետ կընկնի»,- նկատեց Կոնգրեսի անդամը՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանում Սահմանադրության փոփոխության հարցը կտրուկ փոխել է իրավիճակը տարածաշրջանում, ինչի ականատեսը դարձանք բոլորս վերջին ամիսների ընթացքում: