Google Maps-ից պահանջում են քարտեզի վրա նշել Պաղեստինը
Համացանցի օգտատերերը Google Maps քարտեզային ծառայությունից պահանջում են քարտեզի վրա նշել Պաղեստինն ու ցույց տալ դրա սահմանները:
Ինչպես նշում է lenta.ru-ն, այս հարցում առանձնակի ակտիվություն են ցուցաբերել Twitter սոցկայքի օգտատերերը, որոնցից շատերը Google-ին մեղադրել են կանխակալ վերաբերմունքի համար: Բացի այդ, նրանք պնդում են, որ իրենց երկիրը գոյություն ունի` չնայած որ Google Maps-ը պնդում է հակառակը:
Բացի այդ, համացանցում ներկայացվել է մի խնդրագիր, որը պահանջում է քարտեզային ծառայությունից անպայման նշել Պաղեստինի գտնվելու վայրը: Հայտնի է, որ խնդրագիրը ստորագրել է մոտ 300.000 մարդ:
Աղբյուրը մանրամասնում է, որ ներկայում Պաղեստինի տարածքը ծառայության կողմից նշված է որպես Իսրայել:
Պաղեստին պետության անկախությունը 1988թ. ի վեր ճանաչել է 136 երկիր, սակայն Իսրայելը, ԱՄՆ-ն ու մի շարք եվրոպական պետություններ հրաժարվել են: Ներկայում Իսրայելը ռազմական վերահսկողություն է հաստատել Պաղեստինի տարածքի մեծ մասի նկատմամբ:










