Վերաքննիչ դատարանը մերժեց Արարատ Խանդոյանի խափանման միջոց երկամսյա կալանքը փոխելու մասին դիմումը. փաստաբան
Վերաքննիչ դատարանը մերժեց 20-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի (Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ Գայլի եղբոր) փաստաբանի դիմումը՝ ուժի մեջ թողնելով երկամսյա կալանքի մասին առաջին ատյանի դատարանի որոշումը:
Tert.am- ի հետ զրույցում Արարատ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանը կայացրել է որոշում նույն հիմնավորմամբ, ինչպես առաջին ատյանի դատարանը. «Դատարանի հիմնավորման մեջ ասվում է, որ տեսագրությունը նայելով՝ հիմնավոր կասկած կա, որ Արարատ Խանդոյանը հանցագործություն է կատարել և պետք է մնա կալանքի տակ: Տեսագրությունում երևում է, թե ինչպես է Արարատ Խանդոյանը ոստիկաններին հորդորում չհարվածել»:
Հարցին, թե ո՞րն է լինելու փաստաբանի հաջորդ քայլը, Արա Ղարագյոզյանն ասաց, որ դիմելու է Վճռաբեկ դատարան՝ խափանման միջոց կալանքը վերացնելու կամ այլընտրանքային խափանման միջոցի հնարավորություն տալու համար. «Դիմելու եմ դատարան, սակայն հույսեր չեմ կապում Վճռաբեկ դատարանի հետ, պարզապես Եվրոպական դատարան դիմելու համար պետք է սպառել բոլոր ներպետական ատյանները»:
Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով, որը պատժվում է ազատազրկմամբ` 4-10 տարի ժամկետով:










