«Կարապետյանը մոտ մեկ ամսից կվերսկսի մարզումները». Ռիոյում ձեռքի ծանր վնասվածք ստացած հայ ծանրորդը կվիրահատվի ՌԴ-ում
Ռիոյում ընթացող Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարի Հայաստանի ներկայացուցիչ 20-ամյա Անդրանիկ Կարապետյանը, որը ձեռքի ծանր վնասվածք էր ստացել, անհրաժեշտ բուժօգնություն ստացել է, նրա թևը կոտրված չէ, պարզապես հոդի տեղաշարժ է եղել, միակ խնդիրը ջլերի հետ է, որոնք մասնակի պատռվել են:
Այս մասին այսօր Ռիոյից Tert.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Ռոստոմյանի խոսքով՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն արդեն պայմանավորվել է ռուս բժիշկների հետ, և մարզիկը օգոստոսի 16-ին մեկնելու է Ռուսաստան՝ ջլերի պատռվածքը վերականգնելու:
«Այստեղ բժիշկները միանգամից նրան հոսպիտալ են տարել, ցավազրկել են, հոդը ֆիքսել են, որ տեղաշարժ չլինի: Հիմա մի քիչ այտույց կա, այդ այտույցը երբ կիջնի, նոր հնարավոր կլինի վիրահատել: Արմունկային հոդի հատվածում երկու ոսկորներ են միանում, այդ երկու ոսկորները դուրս են թռել միաժամանակ, եթե մեկը դուրս թռներ, ոսկորներից մեկն անպայման կկոտրվեր: Մոտ մեկ ամիս հետո նա կվերսկսի իր մարզումները: Մենք մեծ հույսեր ենք կապում այդ երիտասարդ մարզիկի հետ»,-ասաց Ռոստոմյանը:
Tert.am-ը հետաքրքրվեց նաև, թե դեպքն ինչպես է ազդել մեր մարզիկների տրամադրության վրա:
«Դե բնական է, առաջին պահին բոլորը տխրեցին, բայց երբ իմացանք, որ կոտրված չի, մի քիչ ավելի լավ ենք զգում: Հոգեբանական ճնշվածություն չկա: Ամեն ինչ շատ լավ է: Բացի Անդրանիկի դեպքից, ամեն ինչ պլանավորված գնում է: Մոտ օրերս ավելի լավ կլինի»,-ասաց Ռոստոմյանը:
Ռիոյում ընթացող Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարի 76 կգ քաշայինների մրցումների ժամանակ Հայաստանի ներկայացուցիչ 20-ամյա Անդրանիկ Կարապետյանը գերազանց էր կատարել պոկում վարժությունը՝ զիջելով միայն օլիմպիական չեմպիոնին: Հրում վարժության երկրորդ փորձի ժամանակ Անդրանիկ Կարապետյանը ստացել էր ձեռքի ծանր վնասվածք, ինչի պատճառով լքել էր պայքարը:










