Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռեր» խմբի անդամների գործերը կքննվեն մեկ վարույթում

16:43 • 12.08.16

«Նախախորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռեր» խմբի անդամների գործերը միացվել են և կքննվեն մեկ վարույթում: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ իր աղբյուրից։ 


Քրեական գործերի միացումը պատճառաբանվում է նրանով, որ «Սասնա ծռեր» խմբի գործով մեղադրյալներն անցնում են այլ քրեական գործերով, այդ պատճառով Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ քրեական գործերը միացվել են և գործը շարունակվում է քննվել մեկ վարույթում։


Հիշեցնենք՝ Ժիրայր Սեֆիլյանին երկու անգամ էր մեղադրանք առաջադրվել՝ մեկը 2015թ.  ապրիլին զանգվածային անկարգություններ կազմակերպելու, իսկ մյուս մեղադրանքն առաջադրվել էր 2016թ. հունիսին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ ոստիկանության պարեկապահակային (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման փաստի առթիվ 2016թ. հուլիսի 17-ին ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 219 (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235 (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել կամ կալանավորվել է 47 անձ: 24 անձի տարբեր համակցություններով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 (պատանդ վերցնելը), 219 և 235 հոդվածներով: