10-ից ավելի պայթյուն` 1 օրում. Թաիլանդում տեղի ունեցածի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի (լուսանկարներ, տեսանյութ)

13:58 • 12.08.16

Թաիլանդի հարավային հատվածում տեղի ունեցած պայթյունների շարքի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի, կա 34-ից ավելի վիրավոր:

 

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, 11 պայթյունները 30 րոպե տարբերությամբ տեղի են ունեցել երկրի 5 նահանգներում, այդ թվում նաև զբոսաշրջային հատվածներ համարվող ծովափնյա քաղաքներում: Հայտնի է, որ տուժածների թվում կա 10 արտասահմանցի: Այլ աղբյուրներ հայտնում են 14 պայթյունի մասին։

 

Իրավապահների հաղորդմամբ, թեև դեռևս հայտնի չէ, թե ովքեր են կանգնած այս ամենի հետևում, այնուհանդերձ` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առնչության վարկածը բացառված է:

 

Ներկայում շրջանառվող վարկածներից մեկի համաձայն՝ պայթուցիկները տեղադրել ու գործի են դրել Թաիլանդում կառավարող խունտայի ընդդիմադիրները:

 

Երկրի վարչապետ Պրայուտ Չան Օչան քաղաքացիներին կոչ է արել խուճապի չմատնվել:

 

Բրիտանական պարբերականը նկատում է, որ նմանօրինակ ոչ խոշոր պայթյունները հաճախակի են տեղի ունենում Թաիլանդի հարավում, որտեղ իշխանությունների ու ընդդիմության միջև բախումների հետևանքով անցած 12 տարում զոհվել է ավելի քան 6.500 մարդ: