Մենք ոչ մի թիզ հող պատրաստ չենք զիջելու որևէ մեկին. ԼՂ ԱԺ պատգամավորը՝ Պուտին-Սարգսյան հանդիպման մասին

12:25 • 13.08.16

ԼՂ ԱԺ-ի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը կարծում է, որ հայկական կողմի վրա մոսկովյան հանդիպման ժամանակ տարածքների զիջման հետ կապված ճնշումներ չեն գործադրվել: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ շարունակվող բանակցությունների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոն պահպանվում է:

«Բոլորն էլ գիտեն, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ ԼՂ-ն պատրաստ չեն ոչ մի փոխզիջման, առավել ևս Արցախի ժողովուրդը, որովհետև ապրիլյան դեպքերը մեզ ցույց տվեցին, որ որևէ՝ անգամ փոքր զիջումը ոչ թե մեզ բերելու է խաղաղություն, այլ պարտադրելու է նոր պատերազմ, վերսկսվելու են նոր ռազմական գործողություններ: Այս առումով Արցախի ժողովուրդն անդրդվելի է, և ոչ մի թիզ հող մենք պատրաստ չենք զիջելու որևէ մեկին:  Մեր ընկերների, մեր տղաների արյան գնով գծած սահմանները մենք պարտավոր ենք պահպանել»,֊ ասաց նա:

Ըստ Ռուդիկ Հյուսնունցի՝ բանակցությունները միշտ լինելու են, քանի որ միջազգային հանրությունն ուզում է հակամարտություններին լուծում տալ, որպեսզի կարողանան և՛ տնտեսական, և՛ քաղաքական հարաբերությունները հավուր պատշաճի տանել առաջ:

«Սրանք ցանկություններ են, բայց երբեմն այդ ցանկություններն իրականություն դարձնելու համար տարիների աշխատանք է պետք. երկու հանրությունները պետք է պատրաստվեն հաշտության, որպես հարևաններ իրար հետ ապրելու համակեցության: Պարզապես այս էլեմենտները, այս տարրերը չեն ներմուծվում Ադրբեջանի իշխանությունների կողմից»,- ասաց ԼՂ ԱԺ պատգամավորը՝ նկատելով, որ վերջիններս պետք է իրենց հասարակությանը պատրաստեն, որ պետք է խաղաղ գոյակցեն իրենց հարևանների հետ, մինչդեռ նման աշխատանքներ ընդհանրապես չեն տարվում:

Tert.am-ի հարցին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին արած իր կոչով, թե պետք է այնպիսի փոխզիջումների գնալ, որ կողմերից ոչ մեկը չպարտվի, կամ հաղթի, ինչի մասին էր ակնարկում, Ռուդիկ Հյուսնունցը պատասխանեց․ «Իրենք թող Դոնբասի խնդիրները լուծեն, իրենք թող Աբխազիայի, Օսեթիայի և Ղրիմի հարցերը լուծեն: Անկեղծ ասած, Ռուսաստանն իր վրա շատ մեծ  բեռ է վերցնում. կայսրություն է, իհարկե, ուժեղ է, իհարկե... Մեր դեպքում էլ՝ կարևոր չէ ինչ կենդանի է՝ առյուծ, թե փիղ, կարևորը մենք նապաստակ չլինենք: Իրականում Արցախի ժողովուրդն իրենից ուժ է ներկայացնում, մենք ենք որոշում՝ ում հետ պետք է ապրենք, ինչպես պետք է ապրենք»: