«Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանը կալանավորվել է
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանի նկատմամբ կայացրել է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սեդրակ Նազարյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:
«Դատարանը կալանավորման որոշում կայացրեց, որից հետո ասացին, որ Սեդրակ Նազարյանին կտեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Քիչ անց կգնանք և կճշտենք՝ արդեն տեղափոխել են, թե ոչ»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ «Սասնա Ծռեր խմբի անդամ Սեդրակ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` պատանդ վերցնելը, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածի 3-րդ մասով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին Սեդրակ Նազարյանը ՊՊԾ գնդից հրազենային վիրավորմամբ տեղափոխվել էր «Էրեբունի» ԲԿ, որտեղ ենթարկվել էր վիրահատության և շարունակում էր բուժումը:










