Գիտնականները նշել են Արևմտյան Եվրոպայի բնակիչների շրջանում մահացության գլխավոր պատճառը
Արևմտյան Եվրոպայի բնակիչների շրջանում մահացության գլխավոր պատճառը քաղցկեղն է, որը հետ է մղել սրտանոթային հիվանդությունները։ Այդ մասին հայտարարել են Օքսֆորդի համալսարանի գիտնականները, որոնք համապատասխան հոդվածը հրապարակել են European Heart Journal-ում։
Հետազոտողներն ուսումնասիրել են տվյալները 11 եվրոպական երկրներում՝ Բելգիա, Դանիա, Ֆրանսիա, Իտալիա, Լյուքսեմբուրգ, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սլովենիա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա, Նորվեգիա, ինչպես նաև Իսրայելում։
Պարզվել է, որ եթե ընդհանուր առմամբ Եվրոպայում սրտանոթային հիվանդություններից ամեն տարի մահանում է ավելի քան չորս միլիոն մարդ (մահվան բոլոր դեպքերի 45 տոկոսը), ապա վերոնշյալ երկրներում այդ ցուցանիշը նվազել է, իսկ մահվան հիմնական պատճառ են դարձել չարորակ ուռուցքները։
Օրինակ՝ Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում սրտանոթային հիվանդությունները դարձել են, համապատասխանաբար, 64 և 79 հազար մարդու մահվան պատճառ, իսկ քաղցկեղը՝ 92 և 87 հազար մարդու մահվան պատճառ։
Այնուամենայնիվ, Արևելյան Եվրոպայում մահվան հիմնական պատճառը մնում են սրտանոթային հիվանդությունները։
Գիտնականներն այս երևույթը բացատրում են սրտանոթային համակարգի հետ խնդիրների վաղ հայտնաբերման և մոնիթորինգի հարցում բժշկական կազմակերպությունների հաջողություններով։










