iPhone 7-ը ջրակայուն կլինի. The Independent
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության նոր սմարթֆոնի` 7-րդ սերնդի iPhone-ի սեպտեմբերյան շնորհանդեսին անհամբերությամբ սպասում են միլիոնավոր մարդիկ:
Թեև արտադրողը որևէ պաշտոնական տեղեկություն չի հրապարակում մոդելի վերաբերյալ, այնուհանդերձ՝ քաջատեղյակ աղբյուրները շարունակում են համացանցը ողողել հեռախոսի վերաբերյալ արտահոսած նյութերով:
Հիմնվելով դրանցից ամենաթարմերի վրա` բրիտանական The Independent պարբերականը նշում է, որ iPhone 7-ը լինելու է ջրակայուն: Հայտնի է, որ Apple-ը ձեռք է բերել ստորջրյա նկարահանումները հնարավոր դարձնող արտոնագիր:
Աղբյուրը մանրամասնում է, որ բացի այդ, Apple-ը նոր մոդելը կդարձնի առավել դիմացկուն հարվածների նկատմամբ, ինչը նշանակում է, որ iPhone-ը չի կոտրվի ձեռքից կամ գրպանից վայր ընկնելու դեպքում:










