Բրիտանիայում Հս. Կորեայի փոխդեսպանն ընտանիքի հետ փախել է այլ երկիր. լրատվամիջոցներ
Մեծ Բրիտանիայում Հյուսիսային Կորեայի դեսպանի տեղակալ Տաի Յոն Հոն իր ընտանիքի հետ փախել է այլ երկիր, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեական JoongAng Ilbo թերթը:
Եթե տեղեկատվությունը հաստատվի, դա կլինի ԿԺԴՀ-ի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկի փախուստը:
Հարավկորեական թերթի աղբյուրը պատմել է, որ նա «մանրամասն պլան» է կազմել և հետևել է դրան, ապա վայրէջք է կատարել «երրորդ երկրում» և ապաստան խնդրել:
Ընդ որում՝ չի նշվում, թե կոնկրետ որ երկիր է մեկնել դիվանագետը և արդյոք դա Մեծ Բրիտանիան է: «Երրորդ երկիր» եզրն օգտագործվում է ցանկացած երկրի բնորոշման դեպքում՝ բացի ԿԺԴՀ-ից և Հարավային Կորեայից:
Հյուսիսային Կորեայի դեսպանատան աշխատակիցը չի հաստատել գործակալությանը դեսպանի տեղակալի փախուստի մասին տեղեկությունը:










