Նուբարաշեն վարչական շրջանի կենտրոնական զբոսայգու հիմնանորոգումը շարունակվում է  

13:21 • 17.08.16

 

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2016 թվականի ծրագրով շարունակվում է  մայրաքաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի կենտրոնական զբոսայգու հիմնանորոգումը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ընթանում են այգու անցուղիների բետոնե նոր սալիկների, եզրաքարերի տեղադրման և հարակից այլ աշխատանքներ: Նախատեսվածի համաձայն` այգին կունենա նոր նստարաններ, ամառային և ձմեռային զրուցարաններ, սանհանգույցներ: Երեխաների ժամանցն ապահովելու համար այգում կտեղադրվեն մանկական և մարզական խաղասարքեր, կկառուցվի մշակութային միջոցառումների բեմահարթակ՝ հարակից շատրվանով: Այգում կանցկացվեն ոռոգման և արտաքին լուսավորության նոր ցանցեր:

Այգու հիմնանորոգումը մայրաքաղաքի վարչական շրջանների համաչափ զարգացման ռազմավարության հերթական օրինակն է: