ՀՔԾ-ն ու ոստիկանությունը չեն բացահայտում՝ ինչ զենքից են կրակել Պավլիկ Մանուկյանի ու նրա որդու վրա

15:50 • 17.08.16

«Սասնա ծռեր» խմբի գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը չի բացահատում, թե ինչ տեսակի զենքից են ծանր վիրավորվել «Սասնա Ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանն ու նրա որդին:

Սասնա ծռերի անդամ Պավլիկ Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Պավլիկ Մանուկյանը հայտարարել էր, որ իր նկատմամբ կիրառվել է այնպիսի զենք, որը չի կիրառվում Հայաստանի սահմաններում, խոսքը «Սև նետի» մասին է (Черная стрела), որի գնդակը, հանդիպելով կոշտ մարմնի, ջարդուփշուր է անում այն, կիրառվում է տեխնիկայի դեմ, կարող է նույնիսկ զրահը ծակել: Փաստաբանը ենթադրում է, որ նույն զենքն է կիրառվել նաև Արամ Մանուկյանի նկատմամբ:

Նշենք, որ Պավլիկ Մանուկյանը ծանր վիրավորվել է երկու ոտքից, իսկ նրա տղան՝ մեկ: Պավլիկ Մանուկյանի մյուս պաշտանը՝ Ինեսսա Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Պավլիկ Մանուկյանի ոտքն արդեն կարճացել է, թեև բժիշկները չեն հաստատում այդ փաստը:  

Tert.am-ի հարցին, թե «Սասնա ծռերի» քրգործի շրջանակներում քննվե՞լ է, թե ինչպես է ոստիկանությունը մեկնաբանում նման զենքի կիրառումը, արդյոք իրավունք ունե՞ր նման զենք կիրառել վիրավորին հանձնելու եկած զինյալի նկատմամբ: Հետաքրքրվել էինք նաև, որ ոստիկանությունում ո՞վ է պատասխանատու այդ զենքի կիրառման ու դրա հետևանքների համար:

Ոստիկանությունից Tert.am–ը հարցմանն ի պատասխան ասացին, որ գործը քննում է ՀՔԾ–ն և իրենք իրավասու չեն պատասխանել։ Հստակեցմանը, թե արդյոք ոստիկանությունում ներքին քննություն չի տարվել այդ առթիվ, ոստիկանությունից բացասական պատասխան տվեցին։

ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը Tert.am–ին տվեց հետևյալ պատասխանը. «Հայցվող տեղեկությունները նախաքննության այս փուլում հրապարակման ենթակա չեն»:

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոնեսյան հայտարարել էր, որ Սարի թաղում քաղաքացիների դեմ նռնակները կիրառվել են առողջապահության նախարարի 2012 թվականի թիվ 9 հրամանի խախտմամբ, ինչի արդյունքում այդ օրը տուժել են բազմաթիվ քաղաքացիներ:

ՀՔԾ-ից ու ոստիկանությունից Tert.am–ը հետաքրքրվել էր, թե արդյոք քննություն տարվո՞ւմ է՝ պարզելու՝ ինչու է խախտվել նռնակների կիրառման կարգը և ով է պատասխան տվել դրա համար: 

Այս հարցին ևս ՀՔԾ-ն չպատասխանեց՝ հայտարարելով, որ այդ տեղեկությունը ևս հրապարակման ենթակա չէ: Իսկ ոստիկանությունից Tert.am-ի հարցին ի պատասխան ասացին, որ ոստիկանությունը ներքին քննություն այդ առթիվ չի տարել, իսկ քրգործով զբաղվում է ՀՔԾ-ն: