Պրիմորիեում արջը մանկապարտեզ է մտել
Պրիմորիեի (ՌԴ) իրավապահ մարմինների աշխատակիցները գնդակահարել են Կիրովյան շրջանի Գոռնիյե Կլյուչի բնակավայրի «Հեքիաթ» մանկապարտեզ մտած արջին, հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով շրջանային վարչակազմի կայքին:
Նշվում է, որ բնակիչները մոտ 6-7 տարեկան խոշոր սև արջին առաջին անգամ նկատել են օգոստոսի 12-ին: Գիշատիչը բնակվել է Շկոլնայա փողոցի մոտակայքում գտնվող անտառում, թափառել աղբավայրում և հաճախ հայտնվել մարդկանց բնակավայրերի մոտ:
Աղբյուրը մանրամասնում է, որ արջը մտել է մանկապարտեզի տարածք, ինչից հետո դեպքի վայր են ժամանել որսորդության վերահսկման վարչության և ոստիկանության աշխատակիցները: Նրանք փորձել են արջին անտառ քշել, սակայն կենդանին շուտով վերադարձել է: PrimaMedia-ն նշում է, որ կենդանին նիհար ու սոված է եղել և չի ցանկացել հեռանալ մարդկանցից:
Կայքը գրում է, որ արջը կանգնել է ետևի ոտքերի վրա և սկսել է մոտենալ ոստիկաններին: Երբ նրանց միջև մոտ 10 մետր տարածություն է մնացել, ոստիկանները որոշել են գնդակահարել նրան:










