Հայաստանում 35 տարեկանից բարձր մարդկանց 71 տոկոսը կարծում է, որ կյանքը ԽՍՀՄ-ում ավելի լավ էր, քան հիմա. հարցում
Լուսանկարը՝ Դանիել Յաբլոնսկու
Sputnik գործակալության անցկացրած հարցման տվյալների համաձայն՝ նախկին Խորհրդային միության 11 երկրներից 9-ում 35 տարեկանից բարձր բնակիչների մեծ մասը կարծում է, որ կյանքը ԽՍՀՄ-ում ավելի լավ էր, քան միության փլուզումից հետո:
Խորհրդային միությունում կյանքի որակն ավելի լավ է գնահատել Ռուսաստանում հարցման մասնակիցների 64 տոկոսը: Ուկրաինայում այդ պնդման հետ համաձայնել է 60 տոկոսը, Վրաստանում՝ 51 տոկոսը: Հարցումը ցույց է տվել, որ այդ պնդման հետ համաձայնության ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Հայաստանում (71%-ը 23%-ի դեմ) և Ադրբեջանում (69%-ը 29%-ի դեմ) հարցման մասնակիցների շրջանում:
Գրեթե բոլոր երկրներում 35 տարեկանից բարձր մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ ԽՍՀՄ-ում կյանքն ավելի լավ էր: Հակառակ կարծիքին են միայն Տաջիկստանի և Ուզբեկստանի բնակիչները:
Տվյալները ստացվել են Sputnik տեղեկատվական գործակալության պատվերով Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի, M-Vector, Ipsos, Expert Fikri և Qafqaz հետազոտական ընկերությունների կողմից նախկին ԽՍՀՄ 11 երկրներում անցկացված հարցումների արդյունքում:
18-24 տարեկան տարիքային խմբի մարդիկ կարծում են, որ ԽՍՀՄ փլուզումից հետո կյանքն ավելի լավ է դարձել: Նման կարծիք Հայաստանում հայտնել է 48 տոկոսը 47 տոկոսի դեմ, Ադրբեջանում՝ 68 տոկոսը 14 տոկոսի դեմ, Վրաստանում՝ 79 տոկոսը 20 տոկոսի դեմ: Ռուսաստանում այդ կարծիքն է հայտնել հարցմանը մասնակցած երիտասարդների 63 տոկոսը:











