ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Ռուսաստանին և ԱՄՆ-ին հնարավորինս արագ հասնել Հալեպում հրադադարի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը երեքշաբթի նախազգուշացրել է Հալեպում մարդասիրական աղետի սպառնալիքի մասին և կոչ է արել Ռուսաստանին և ԱՄՆ-ին ամենակարճ ժամկետներում հասնել սիրիական քաղաքում և երկրի այլ հատվածներում հրադադարի մասին համաձայնության:
Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդին ուղղված գլխավոր քարտուղարի զեկույցը:
«Հալեպի դեպքում մենք կարող ենք բախվել մարդասիրական աղետի, որն աննախադեպ կլինի սիրիական հակամարտությունը բնորոշող արյունահեղության և տանջանքների հինգ տարիների համար»,- գրել է Բան Կի Մունը:
Նրա խոսքով՝ հակամարտության բոլոր կողմերը խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը, անընտրողաբար հարձակումներ են գործում բնակելի թաղամասերի վրա:
Գլխավոր քարտուղարը հերթական անգամ կոչ է արել Հալեպում ընթացող ռազմական գործողություններում ամենշաբաթյա 48-ժամյա դադար սահմանել, որը թույլ կտա օգնություն հասցնել բնակչությանը, ինչպես նաև «կոչ է արել Մոսկվային և Վաշինգտոնին շուտափույթ համաձայնություն ձեռք բերել հրադադարի հարցով»:
Բան Կի Մունի ամենամսյա զեկույցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվելու է օգոստոսի 22-ին:










