Զբաղվածության պետական գործակալության օգնությամբ այս տարի աշխատանքի է տեղավորվել 93 հաշմանդամություն ունեցող անձ
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Զբաղվածության պետական գործակալության օգնությամբ աշխատանքի է տեղավորվել 4757 աշխատանք փնտրող, որից 3112-ը` կին, 4009-ը` աշխատաշուկայում անմրցունակ անձ:
Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը:
«Աշխատանքի տեղավորվածներից 1398-ը երիտասարդ է, 93-ը` հաշմանդամություն ունեցող անձ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աշխատանքի տեղավորման ցուցանիշը աճել է 4.2 տոկոսով»,-ասաց պաշտոնյան:
2016 թվականի հունվար-հունիս ամիսներին տարածքային կենտրոնների կողմից հավաքագրվել է 3840 չկրկնվող թափուր աշխատատեղ, որոնցից 180-ը՝ նոր ստեղծվող: Արտակ Մանգասարյանի տեղեկացմամբ` թափուր աշխատատեղի հայտ ներկայացրած գործատուների թիվը կազմել է 1545, տարածքային կենտրոններում առկա թափուր աշխատատեղերի թիվը 1985 է:
Ինչ վերաբերում է աշխատաշուկայում պահանջարկ վայելող մասնագիտություններին, ապա անհրաժեշտ են բարձրագույն կրթություն ունեցող բժիշկներ, տնտեսագետներ, ծրագրավորողներ, ճարտարագետներ, հաշվապահներ, դասավանդողներ, մենեջերներ, գործակալներ, համակարգչային մասնագետներ:
Միջին մասնագիտականներից առավել պահանջված են բուժքույրերը, դեղագետները, դեղագործները, ֆինանսների ու առևտրի բնագավառի միջին մասնագետները, մատուցողները, խոհարարները, հացթուխները, վարսահարդարները, ավտոէլեկտրիկները, էլեկտրիկները, կարողները, վարորդները, փականագործները, դերձակները, շինարարական ու բանվորական այլ մասնագիտությունների տեր անձինք:










