The Wall Street Journal-ը մանրամասներ է իմացել ԱՄՆ-ի կողմից Իրանին վճարված 400 մլն դոլարի մասին
ԱՄՆ-ն ընթացիկ տարվա հունվարին Իրանին 400 մլն դոլար է փոխանցել միայն այն բանից հետո, երբ բանտից ազատ արձակված 3 ամերիկացիներով օդանավը մեկնել է Թեհրանից, գրում է ամերիկյան The Wall Street Journal թերթը՝ աղբյուրների հղումով։
Նրանց տվյալների համաձայն՝ տարբեր արժույթներով կանխիկ գումարը գտնվել է Ժնևում։ Թեհրանից այնտեղ է մեկնել Iran Air ավիաընկերության տրանսպորտային օդանավը։ Երբ 3 ամերիկացիներով շվեյցարական օդուժի օդանավը հունվարի 17-ի առավոտյան մեկնել է Թեհրանից, ամերիկացի պաշտոնյաները գումարը փոխանցել են իրանցիներին։
Օգոստոսի 3-ին լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ նախագահի վարչակազմն այս տարվա սկզբին գաղտնի Իրան է ուղարկել 400 մլն դոլար կանխիկ գումարով օդանավ։










