«Աղվեսների որս» Չինաստանում. ձերբակալվել է 409 մարդ
Չինաստանի իշխանություններն անցկացնում են «Աղվեսների որս- 2016» հատուկ գործողությունը, որի շրջանակներում ձերբակալվել է Չինաստանի 409 քաղաքացի, ովքեր հետախուզման մեջ են գտնվել և թաքնվել են արտասահմանում: Այդ մասին հայտնում է «Սինհուա» թերթը՝ վկայակոչելով երկրի հանրային անվտանգության նախարարությանը:
Հաղորդվում է, որ ձերբակալվածների թվում է 15 մարդ, ովքեր ներառված են 100 ամենաորոնվող կասկածյալների ցանկում:
Նշվում է նաև, որ 127 կասկածյալներ ներգրավված են ավելի քան 10 միլիոն յուանի (մոտ 1,5 միլիոն դոլար) յուրացման, 28-ը՝ ավելի քան 100 միլիոն յուանի յուրացման գործերում: Նշվում է, որ 33 մարդ թաքնվել է Չինաստանի սահմաններից դուրս ավելի քան 5 տարի, 12 մարդ՝ ավելի քան 10 տարի:
Գործակալության տվյալներով՝ անցած տարվա հունվարից դեկտեմբերն անցկացված «Աղվեսների որս- 2015» արշավի իրականացման շրջանակներում հաջողվել է վերադարձնել կոռուպցիայի մեջ մեղադրվող 857 անձի:










