«Գազպրոմը» հեռանում է Տաջիկստանից. Независимая Газета
Ռուսական Gazprom International ընկերությունը հայտնել է Տաջիկստանում նավթի և գազի հանքավայրերում աշխատանքներն ավարտելու մասին: Պատճառն «աշխատանքների իրականացման աննպատակահարմարությունն է», գրում է «Նեզավիսիմայա գազետա» թերթը («Независимая Газета»):
Փորձագետների մեծ մասը դրանում տեսնում է Մոսկվայի ճնշումը, որը ցանկանում է Տաջիկստանին տեսնել Եվրասիական տնտեսական միությունում:
Այդ հարցում Դուշանբեի դանդաղկոտությունը նրանք կապում են Ուզբեկստանի և Չինաստանի դժգոհության հետ, որոնք շահագրգռված չեն, որ ԵԱՏՄ-ն ուժեղացնի իր դիրքերը Կենտրոնական Ասիայում:
2003 թվականին «Գազպրոմ»-ի ժամանումը Տաջիկստան գնահատվում էր ասես որպես լուծում երկրի տնտեսական անկախության ճանապարհին: Բայց փորձագետները «Գազպրոմ»-ի մուտքը Տաջիկստան բնորոշել են նաև որպես «ռազմավարական խնդրի» կատարում: Ռուսական ընկերության համար տաջիկական գազի հանքավայրերը զուտ էներգետիկ տեսանկյունից առանձնակի արժեք չէին ներկայացնում, այնուամենայնիվ, 2008 թվականին «Գազպրոմը» և Տաջիկստանի կառավարությունը 25 տարով համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել:










