Շուրջ 7 000 մարդ ստորագրել է ըմբիշ Միհրան Հարությունյանին աջակցող խնդրագիրը change.org կայքում

13:56 • 18.08.16

change.org կայքում բավական ակտիվ ստորագրահավաք է ընթանում օգոստոսի 16-ին Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող 31-րդ Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի եզրափակիչում` սերբ ըմբիշ Դավոր Շտեֆանեկի հետ մենամարտում պատված հայ ըմբիշ Միհրան Հարությունյանի ոսկե մեդալը վերականգնելու պահանջով:

Խնդրագիրը ստորագրածների թիվն այս պահին մոտ 7 հազար է և սրընթաց աճում է:
Խնդրագրի հեղինակները կոչ են արել միջազգային տարբեր ֆեդերացիաներին, Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային վերականգնել արդարությունը:

«Սպորտում գրանցված ցանկացած անարդարություն ստվեր է նետում Օլիմպիական խաղերի վրա: Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները պետք է միանան այս խնդրագրին և միջոցներ ձեռնարկեն արդարությունը վերականգնելու ուղղությամբ», - նշվում է փաստաթղթում:

«Օգոստոսի 16-ին Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող 31-րդ Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի եզրափակիչում` սերբ ըմբիշ Դավոր Շտեֆանեկի հետ մենամարտի ժամանակ, հայ ըմբիշ Միհրան Հարությունյանը զրկվեց ոսկե մեդալից կանխակալ մրցավարության պատճառով: Դա խայտառակություն է հունահռոմեական ըմբշամարտի համար։ Ողջ աշխարհը դարձավ այն փաստի վկան, թե, իրականում, ով է չեմպիոնը», - նշվում է խնդրագրում:

Սերբ Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտն ավարտվեց 1։1 հաշվով։ Մրցավարը երկրորդ ռաունդում միավոր տվեց սերբին իբր Հարությունյանի պասիվության պատճառով։ Հայ մարզիկն ու նրա մարզիչները չհամաձայնեցին այդ որոշման հետ։ Այդուհանդերձ, հաղթող ճանաչվեց սերբ ըմբիշը։