Փախստականների մահապատժի մասին կատակները սկանդալ են առաջացրել Գերմանիայում
Փախստականներին ապաստան տրամադրող հոսթելների գերմանական ցանցը կորցրել է կառավարության հետ պայմանագիրը՝ իր հյուրերի մահապատժի մասին կատակներից հետո, գրում է euromag.ru-ն:
Բեռլինի իշխանությունները խզել են պայմանագիրը Pewobe ընկերության հետ, որն ապաստան է տրամադրել 3000 փախստականների: Դրա պատճառ է դարձել ընկերության երեք մենեջերների նամակագրությունը, որը հրապարակվել է գերմանական Bild թերթում:
Էլեկտրոնային նամակներից մեկում Pewobe-ի գլխավոր մենեջերն առաջարկել է BMW ընկերության նվիրաբերած 5000 եվրոն ներդնել «երեխաների համար փոքր գիլյոտինների մեջ»: Հաջորդ նամակներում մենեջերներն իրար գիլյոտինների լուսանկարներ են ուղարկել և գլխատված մարմիններ: Նրանք նաև կատակել են այն մասին, որ մարմինները կարելի է այրել մեծ դիակիզարանում:
Ընկերության փաստաբանը հայտարարել է, որ նամակները հանված են եղել կոնտեքստից, իսկ «Kinderguillotine» (գիլյոտին երեխաների համար) բառը գրվել է մեխանիկական սրբագրիչի կողմից: Ընկերությունը հայտնել է, որ կբողոքարկի որոշումը, քանի որ համարում է, որ այն «քաղաքական շարժառիթ ունի»՝ Բեռլինում նախատեսվող ընտրությունների առնչությամբ:










