ՔԿՎ-ն հաստատել է «Միայնակ գայլ»-ի լիազորագիրը. Արայիկ Խանդոյանը կարող է առաջադրվել Ծաղկահովիտում
ԱՆ Քրեակատարողական վարչությունը քիչ առաջ հաստատել է «Ծաղկահովիտ» գյուղում «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի առաջադրման առթիվ լիազորագիրը և փոխանցել Արայիկ Խանդոյանի պաշտպանին՝ Արայիկ Պապիկյանին:
Այս մասին Tert.am-ին տեղեկացրին ՔԿՎ հանրային կապերից:
Լիազորագրի միջոցով Արայիկ Խանդոյանի վստահված անձը Ծաղկահովիտ համայնքի ՏԻՄ ընտրություններում կկազմակերպի նրա թեկնածության առաջադրումը գյուղապետի պաշտոնում:
Նշենք, որ Tert.am-ի հետ զրույցում Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը դժվարացել էր ասել, եթե այսօր ՔԿՀ-ն տա լիազորագիրը, Արայիկ Խանդոյանը կհասցնի՞ առաջադրվել:
«Դժվարանում եմ ասել, որովհետև էլի պետական ատյաններից փաստաթղթեր պիտի հավաքվի, ընդ որում՝ իր համայնքից: Այս պահին ոչ միայն լիազորագիրը չունենք, այլև հավաստիացում չունենք, որ կհաստատեն»,-ասել էր փաստաբանը:
Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան «Սասնա ծռեր» խմբի անդամ «Միայնակ գայլ» մականվամբ Արայիկ Խանդոյանն իր պաշտպանի միջոցով բանտից հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ինքը ցանկանում է իր թեկնածությունն առաջադրել իրենց համայնքի ՏԻՄ ընտրություններին, սակայն քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը խոչընդոտում է։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Արդեն երրորդ օրն է՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմը և ՀՀ ՀՔԾ-ն չեն ցանկանում հաստատել իմ լիազորագիրը, որի միջոցով իմ վստահված անձը պետք է Ծաղկահովիտ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կազմակերպի իմ թեկնածության առաջադրումը, որի վերջնաժամկետը լրանում է օգոստոսի 19-ին»:










