ԱՄՆ-ն խոստովանել է, որ Իրանին 400 մլն դոլար է վճարել ամերիկացիների ազատ արձակման համար

10:21 • 19.08.16

ԱՄՆ վարչակազմն առաջին անգամ խոստովանել է, որ այս տարվա հունվարի 17-ին Թեհրանին կատարած 400 միլիոն դոլարի վճարումը կապված է եղել այդ նույն օրն իրանական բանտերից մի քանի ամերիկացի քաղաքացիների ազատ արձակման հետ:

 

«Այժմ բոլորին հայտնի է, որ մենք վերադարձրել ենք Իրանին իր 400 միլիոն դոլարը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում»,- ճեպազրույցի ընթացքում ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

 

Ավելի վաղ The Wall Street Journal թերթը, աղբյուրների հղումով, գրել է, որ ԱՄՆ-ն ընթացիկ տարվա հունվարին Իրանին 400 մլն դոլար է փոխանցել միայն այն բանից հետո, երբ բանտից ազատ արձակված 3 ամերիկացիներով օդանավը մեկնել է Թեհրանից:

 

Նրանց տվյալների համաձայն՝ տարբեր արժույթներով կանխիկ գումարը գտնվել է Ժնևում։ Թեհրանից այնտեղ է մեկնել Iran Air ավիաընկերության տրանսպորտային օդանավը։ Երբ 3 ամերիկացիներով շվեյցարական օդուժի օդանավը հունվարի 17-ի առավոտյան մեկնել է Թեհրանից, ամերիկացի պաշտոնյաները գումարը փոխանցել են իրանցիներին։

 

Օգոստոսի 3-ին լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ վարչակազմն այս տարվա սկզբին գաղտնի Իրան է ուղարկել 400 մլն դոլար կանխիկ գումարով օդանավ։