Դատարանը մերժեց Պավել Մանուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը. նա կմնա կալանքի տակ

11:14 • 19.08.16

Ավարտվեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի վերաբերյալ գործի վարույթի  քննությունը Վերաքննիչ քրեական դատարանում, դատարանը  մերժեց պաշտպանության կողմի միջնորդությունը, որով փաստաբանները պահանջում էին փոխել խափանման միջոց կալանքն ու ազատ արձակել: Այս մասին Վերաքննիչ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Պավել Մանուկյանի պաշտպաններից Հարություն Բաղդասարյանը:


Փաստաբանն ասաց, որ դատարանի հիմնավորումը դեռ իրեն չի տրամադրվել, սակայն ենթադրում է, որ այն կլինի ինչպես բոլոր դեպքերում՝ այն է՝ կարող է խուսափել, թաքնվի, այլ արարք կատարի, խոչընդոտի.«Հիմնավորումը, կարծում եմ այդպիսին կլինի, սակայն Պավել Մանուկյանն ի վիճակի չէ փախչելու և այլն, բացի այդ, ինչպե՞ս են պատկերացնում, որ պայքարի դուրս եկած մարդը փախչի»:
 

Tert.am-ի հարցին, թե պաշտպանները շարունակելու են իրավական ընթացքը, Հարություն Բաղդասարյանը պատասխանեց.«Ենթադրում եմ, որ պետք է շարունակվի, որովհետև  Հայաստանում պետք է անցնել բոլոր դատական ատյաններով, որպեսզի հնարավորություն լինի Եվրոպական դատարան դիմում ներկայացնելու»:


Փաստաբանը նաև հայտնեց, որ այսօր կեսօրին Դատապարտյալների հիվանդանոցում տեղի կունենա Պավել Մանուկյանի վիրահատությունը:


Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։

Ըստ մեղադրանքի` մի դեպքում նախատեսվում է 6-12, մյուս դեպքում 3-8 տարվա ազատազրկում: